211652_close_icon
views-count808 դիտում article-date 12:20 31-05-2024

Թող հայելի պահեն ու տեսնեն՝ ում ու ինչպիսի արյունն են հեղել թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական, թե՛ հոգևոր․ Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

Այդ մտահոգություններն ու վախերը խոսում են այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, և որևէ կերպով այդ հայտարարությունները, սպառնալիքները, աջակցության կոչերը բացարձակ մեզ ոչ վախեցնելու են, ոչ էլ մեր ճանապարհից հետ են պահելու։

Այս մասին երթի ժամանակ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում հայտնված մասնագետների հայտարարություններին, թե կարող են օժանդակ ուժեր ուղարկել ՀՀ իշխանություններին:

«Նշանակում է ճշտագույն, գծված, ուղիղ, թիրախային ճանապարհի մեջ ենք»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իշխանամերձ քաղաքագետներն ասում են, թե Սրբազանը մտադիր է արյուն քսել այս իշխանությունների վրա, նա արձագանքեց․

«Թող իրենք հայելի պահեն ու տեսնեն՝ ում արյունն են հեղել և ինչպիսի արյուն են հեղում․ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր, թե բարոյական, արյունն իրենց վրա է»։

Հարցին՝ երեկվա կատարվածից հետո փորձ արվե՞լ է Ձեր աջակիցներին ճնշելու, Սրբազանն ասաց, որ ոչ և որ օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իրենց շրջակայքում։

«Գիշերը մեկ հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք, տղան եկել, ասել է՝ ուղղակի ծառայություն է իրականացնում, օգնություն է խնդրել, օգնություն ենք տվել»,- ասաց նա։

Սրբազանի խոսքով՝ ոստիկանությունը հիմնականում շատ պարկեշտ ու հարգալից է իրեն պահում։

«Էլի եմ ասում՝ այդ խուլիգանական խումբը, էդ բանդաները, որ դրվել են սև ու կարմիր բերետների շարքերում, պետք է գլխովին որպես գոյություն վերացվեն, որպես երևույթ եմ ասում։ Արձանագրված է, որ խուլիգան ու բանդա են իրենք։ Երեկ Գևորգ Մկրտչյանի անունն եմ տվել կարմիր բերետների միջից, անունները գնալու են, թող իմանան։ Այդ խուլիգանությունը պետք է վերացնեն իրենց շարքերից»,- նշեց նա։

Սրբազանը հայտարարեց, որ պետք է հասնեն նպատակին, որ մնացած հատվածները գոնե կարողանանք դադարեցնել հանձնելը։ «Մեր մտքում կա ամեն ինչ, մեր ծրագրերում էլ կա ու գիտենք, թե ինչ ծրագրով ենք առաջ գնալու»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր