211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:35 22-05-2024

Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան

Իրենց համար լրիվ համապատասխանում է իրականությանը՝ Արցախի պարագայում էլ էր առևտուր, Գորիս-Կապան ճանապարհն էլ էր առևտուր, որ ադրբեջանցիներն օկուպացրել են ու Հայաստանի իշխանությունը ծպտուն չի հանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով Tert.am-ի՝ Ալեն Սիմոնյանի հնչեցրած «քաղաքականությունն առևտուր է» արտահայտության մասին հարցին:

«Մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ հիմա Բաքվի բանտում է, տեսնում ենք՝ ինչ ամոթ է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն է ասում, թե Ադրբեջանն ինչ վայրագություններ է գործել, և խոսում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն օր առաջ պետք է վերադառնա: Օտար երկրի ներկայացուցիչն ավելի հայամետ է, քան ՀՀ իշխանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Գառնիկ Դանիելյանը շեշտեց՝ Ադրբեջանն ինչ ուզել է ստացել է այդ առևտրից, իսկ Հայաստանը ոչ մի բան չի ստացել:
«Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին։ Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ իշխանություններն ակնարկել են՝ «լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեզ համար ապրեք»։

«Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա, մարդ կա, որ կարող է վաճառվել, հնարավոր է, բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը գումար վերցնելն է: Մարդկանց ասել են, թե սահմանը հիմա այստեղով է անցնում, բայց որ մեկ-երկու միտինգ անեք, կարող է Ալիևը ջղայնանա, ու սահմանն ավելի ներքևով անցնի: Պատկերացնո՞ւմ եք սրանց ճղճիմությունը»,- շեշտեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ խելագարների հետ գործ ունենք:

«Ո՞նց կարող ես փաստը, որ 4 գյուղ հանձնում ես, ներկայացնել, իբրև մեծ հաջողություն: Ավելի լավ է լռես ու բոլորը մտածեն, որ դու տգետ ես, քան թե խոսես ու բոլորը համոզվեն, որ դա այդպես է»,- հայտնեց նա:

Նմանատիպ նյութեր