211652_close_icon
views-count763 դիտում article-date 18:21 17-05-2024

Խորհրդարան է այցելել Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգատար վերաբերմունքի համար` ողջունելով Քիշնեւի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը` ասել է ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 17-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Անուշ Քլոյանը, Մարինա Ղազարյանը:

Ընդգծելով, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ` Գուրգեն Արսենյանը նշել է, որ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Նա հույս է հայտնել, որ երկկողմ փոխայցերը հարաբերությունների զարգացման համար նոր խթան կհանդիսանան:

Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է տնտեսական, մշակութային, կրթության, առողջապահության ոլորտներում գործակցության հաստատումն ու խորացումը:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են համագործակցությունը խորհրդարանական բարեկամական խմբերի հարթակում:

Նմանատիպ նյութեր