211652_close_icon
views-count20489 դիտում article-date 15:49 11-05-2024

Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վերջինները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռաֆիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Սևակ Մնացականյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր