211652_close_icon
views-count41844 դիտում article-date 18:49 10-05-2024

Ծառերի համատարած սպանդ՝ Հրազդան քաղաքում. բնակիչների խնամած 40 տարվա պտղատու մոտ 250 ծառ ոչնչացվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ վաղ առավոտից Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 128 շենքի դիմաց ծառերի համատարած սպանդ է իրականացվել:  

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում  բնակիչներն ասում էին.

«35-ից 40 տարվա ծառեր են՝ պտղատու, տարբեր տեսակի: Նախկինում այս տարածքում տիրում էր գարշահոտություն, աղբ, 4 կողմը աղբ էր և մենք մեր ուժերով մի քանի օր շարունակ հեռացրել ենք աղբը, անգամ ապառաժ քարերը, ու ծառեր ենք տնկել:

Գրեթե ամեն օր դույլերով ջուր ենք բերել ու ջրել: Ամբողջ տարածքը կանաչապատվել է: Մի քանի անգամ նույնիսկ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին ենք դիմել, ու քաղաքապետարանից եկել, միայն գովասանքի խոսքեր են հայտնել, թե ինչ լավ է՝ աղբանոցը վերացրել եք կանաչ հատվածի, ու գնացել:

Այսօր առավոտյան անակնկալի եկանք և տեսանք, թե ինչպես են ինչ-որ մարդիկ համատարած ծառերի սպանդ իրականացնում:

Անգամ չեն խնայել նոր տնկված շիվերը: Մեր աղմուկից հետո նրանք հեռացան:

Մարզպետարան ու քաղաքապետարան ենք դիմում, դեռևս ոչ մի արձագանք, ոստիկանություն էլ դիմում ենք, պատասխանում են, թե կզբաղվենք. մինչև դուք զբաղվեք, էստեղ էլ ծառ չի մնա: Մարդու լաց է գալիս էս տեսարանից: Ով է տեսել  21-րդ դարում նման վնաս՝ բնության նկատմամբ:

Տարածքը, ասում են, աճուրդով առել են, բայց երբ ա եղել էդ աճուրդը, երևի գաղտագողի են արել: Մեզ հասած տեղեկություններով՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը այն տվել է իր ազգականին, ազգականն էլ, ասում են, վաճառել է, ով որ գնել է, նպատակ է դրել ծառերը հիմքից վերացնել ու տեղը իբրև թե հիվանդանոց է կառուցելու այն դեպքում, երբ մի քանի 100 մետր հեռավորության վրա է գտնվում «Հրազդան» բժշկական կենտրոնը:

Զարմանում ենք, վարչապետն ասում է՝ ծառ տնկեք, իսկ Հրազդանում ծառերի սպանդ են իրականացնում:  Ով է պատասխան տալու այդ ամենի համար, չգիտենք»,- ասում էին բնակիչները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր