211652_close_icon
views-count973 դիտում article-date 23:30 15-04-2024

Զոհերի թիվը բոլորովին կապ չունի ցեղասպանություն հանցագործության հետ․ Արման Թաթոյան

Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը` դրանով առաջ տանելով իր ժխտողական քաղաքականությունը։

Ցեղասպանագետ գիտնականները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները երբևէ կասկածի տակ չեն դրել 1,5 մլն զոհերի թիվը: Դա երբեք քննարկման առարկա էլ չի եղել: Ավելին, զոհերի թիվը բոլորովին կապ չունի ցեղասպանություն հանցագործության հետ։ Ցեղասպանությունը մարդկանց խմբի ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, և ոչ թե որոշակի թվով մարդկանց սպանությունը կամ նրանց վերացումը։

Այս մոտեցումը նաև բացահայտ անարգանք է անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ:

Անթույլատրելի է հայտարարությունը, թե «Մեծ Եղեռն» և «Ցեղասպանություն» հասկացությունները նույնական են։ Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից։

Ցեղասպանությունը միջազգային իրավական ամրագրում ունեցող հասկացություն է, միջազգայնորեն ճանաչված հանցագործություն է։

Դրա համար սահմանված է կոնկրետ քրեական պատիժ, քրեական հետապնդման մեխանիզմ։

Ավելին, հենց ցեղասպանության հանցագործության համար պատասխանատվության ու պատժի իրագործումն է, որ կոչված է կանխարգելելու ցեղասպանությունները։

«Եղեռն»-ը միայն հայոց լեզվի, հայկական նշանակության բառ է, որն ունի առավելապես պատմական և ոչ միջազգային իրավական նշանակություն, չի առաջացնում հանցանք ու հետևաբար՝ չունի իրավական նշանակություն», - գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր