211652_close_icon
views-count913 դիտում article-date 07:36 05-04-2024

Ալեն Սիմոնյանի ռեֆերենտը աշխատանքի չի ներկայանում, բայց աշխատավարձ ու պարգևավճար է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն- ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգեւ ու աշխատավարձ ստանում է: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ավարտած Էդգար Մուրադյանի աշխատասենյակը, դրա մասին վկայող ցուցանակը չկա:

Հարց. 1. Էդգար Մուրադյանը վերջին 6 ամիսների ընթացքում քանի՞ անգամ է աշխատանքի հաճախել. խնդրում ենք տրամադրել ՊՊԾ անցակետի միջոցով նրա աշխատանքի ներկայանալու հավաստիացումները:

2. Որտե՞ղ է աշխատանքային գործունեությունը ծավալում Էդգար Մուրադյանը, ո՞ր սենյակում, եւ ինչո՞ւ չկա ցուցանակ:

3. Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում նա՝ ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճար պետության միջոցներից:

4. Ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ամսական տաբելը լրացնելիս ԱԺ նախագահի հրահանգով մշտապես Էդգար Մուրադյանի անվան դիմաց ներկա է գրել՝ ապահովելով նրա՝ աշխատավարձի ամբողջական ստացումը:

5. Իրականում Էդգար Մուրադյանի աշխատավարձը ստանում է ինքը՝ Մուրադյա՞նը, թե՞ նրա բանկային քարտին փոխանցված գումարը ձեր մտերիմներից մեկին է փոխանցվում եւ ի՞նչ նապատակով:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսակ Նելի Դուրյանը հաստատել է մեր բոլոր ինֆորմացիաները, որոնք շարադրված էին հարցերում: Ճիշտ է, հրաժարվել է տրամադրել Էդգար Մուրադյանի մուտք ու ելքի մասին հստակ տեղեկություն, բայց հայտնել է, որ, այո, Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս, առանձնացված սենյակ, համապատասխան ցուցանակ ու աշխատանքային պայմաններ չկան նրա համար: «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը:

Այսինքն՝ միայն անհրաժեշտության դեպքում է աշխատում, իսկ իրականում կան ամիսներ, որ ընդհանրապես ԱԺ չի մտել ռեֆերենտը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքին, ապա ԱԺ նախագահի խոսնակը լղոզված պատասխան է տվել. «ԱԺ նախագահի գրասենյակի աշխատակիցների ներկայությունը լրացվում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում՝ սահմանված կարգով»:

Այսինքն՝ հաստատել է նաեւ այդ ինֆորացիան: Այ թե ով է իրականում ստանում Մուրադյանի աշխատավարձը. ԱԺ-ից գրել են որ «փոխանցվում է իրեն պատկանող բանկային հաշվեհամարին»։
Այս մասով դեռ լրացուցիչ ճշտումներ կանենք, քանի որ կասկածահարույց տեղեկություններ ունենք:

Բայց այժմ ներկայացնենք նաեւ, թե ով է արտոնյալ ռեֆերենտը, որ աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի, սակայն համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Սյուզաննա Գալստյանի հետ, որն ասաց. «Իմ ամուսինն աշխատում է ԱԺ-ում, այլ աշխատանք չունի, վաղուց դուրս է եկել եւ ամեն օր աշխատանքի է հաճախում»։

Իրականում Լենա Նազարյանի օգնականը ստեց, թե ամուսինն ամեն օր աշխատանքի է ներկայանում, քանի որ հենց ԱԺ նախագահի խոսնակը մեզ հայտնել է, որ Էդգար Մուրադյանը աշխատանքի չի հաճախում, հեռավար է աշխատում:

Ինչպես կասեր Պարույր Սեւակը, «…ելել են շալակն աշխարհի»:
Ի դեպ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը այսօր պատժում է, քանի որ աղջկան գրանցել է որպես աշխատող ոստիկանությունում, որն աշխատանքի չի ներկայացել, բայց գումար է ստացել:

Հիմա նույն տրամաբանությամբ նաեւ Ալեն Սիմոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ աշխատող ունի, որ աշխատանքի չի հաճախում, բայց աշխատավարձ ու դեռ պարգեւավճարներ է ստանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր