211652_close_icon
views-count56525 դիտում article-date 11:19 01-04-2024

Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքում. 19-ամյա վարորդը «Toyota»-ով կոտրել է հսկայական եղևնիները ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հսկայական եղևնիներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, մասամբ հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց կոտրված եղևնիները և տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալի, օրվա պատասխանատու հերթապահ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են պարեկները, տեղում իրականացրել հերթապահություն, քանի որ վթարի հետևանքով նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի տեղակալներ Դավիթ Զարոյանը և Արթուր Մովսիսյանը:

Տեղում աշխատել են Աբովյանի քաղաքապետարանի կումունալ ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Սարդարյանի գլխավորությամբ:  

Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են ծառերը, քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որը տեղափոխվել է անվտանգ վայր:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայութունը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարորդը միայնակ չի եղել, նրա հետ եղել են ևս 2 հոգի, և վթարի հիմնական պատճառներից մեկը «Toyota»-ի վարորդի և այլ վարորդի կողմից, ժողովրդի լեզվով ասած՝ «գոնկա» մտնելն է:

Այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է, և եթե այն հաստատվի, ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և մյուս ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարնեը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր