211652_close_icon

Կասկադյորական ավտովթար Կոտայքում. «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ժողովրդին հայտնի «Աբովյանի կասկադ»-ում՝ կոտրելով  նստարաններ, աղբամաններ, լուսատուներ․ ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count106332 դիտում article-date 12:13 01-02-2025
Այսօր՝ փետրվարի 1-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի,  վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Պարգև Ասատրյանը և Արաբո Խաչատրյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ով արդեն հանձնարարականներ է տվել, որպեսզի կարճ ժամանակում «կասկադը» բերեն նախկին տեսքի։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Առաջին հերթին կարևորը մեզ հասած տեղեկություններով տուժած կան տուժածներ չկան, բայց եթե վարորդը «դժոխային» արագություն չբացեր, ապա այս «աջափսանդալ»-ը չէր լինի։ Էս տարածքը նախկինում հիշեցնում էր մինի աղբավայր ու երբ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը իր թիմով սկսեց տարածքի բարեկարգումը, այստեղից մոտ 150 բեռնատար շինարարական ու կենցաղային աղբ հեռացրեցին ու ամիսներ շարունակ մարդիկ բարեկարգում էին և տեսնելով բարեկարգման արդյունքները, ողջ Աբովյանում ստեղծվեց լավ կարծիք, որ այն դարձավ մեր՝ աբովյանցիների կասկադը»։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կոտայքի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը, ով Նոր Հաճն քաղաքի բնակիչ 41-ամյա Արման Դանիելյանն է և վաղը նա նշելու է իր ծննդյան օրը։ Վարորդն էլ Նոր Հաճնում հայտնի «դզող փչող» է։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել կասկադյորական ավտովթարը: 

Լուսանկերներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր