211652_close_icon
views-count110932 դիտում article-date 12:31 24-03-2024

Դանակահարություններ՝ Երևանում. Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղան դանակահարել է իր հարևան մորն ու դստերը. մայրը մահացել է, բժիշկները պայքարում են աղջկա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության են հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները չգիտես ինչու նրան բաց են թողել։

Հարևաններն ասում էին նաև, որ նա մի քանի օր առաջ էլ ծնողների հետ է անախորժություն ունեցել ու դրա համար էլ նրան տեղափոխել էին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի բուժում ստանա, սակայն բժիշկները ոչինչ չեն արել և բաց են թողել։ Ու այս դեպքի մեղավորներից մեկն էլ նշված կենտրոնի բժիշկներն են։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր