211652_close_icon
views-count661 դիտում article-date 10:52 23-03-2024

Հայաստանն արդեն Տիխանովսկայայի՞ն է ենթակա․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հայաստանն արդեն Տիխանովսկայայի՞ն է ենթակա:

Սվետլանա Տիխանովսկայան, որը հայտնի է որպես Բելառուսի ընդդիմության առաջնորդ՝ 2020 թվականի նախագահի ընտրությունից հետո, Եվրանեսթի Կոնգրեսի ժամանակ հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:

Եվ, ուշադրություն՝ այդ ծառայությունը, այսինքն Տինախովսկայան, տարածել է նաև, որ «հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում, ինչի մասին pozirk.online-ին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը»:

Բացում ենք քաղաքական ապաստան տալու մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ ներկայացված է քաղաքական ապաստան տրամադրելու կարգը, և այնտեղ որեւէ խոսք չկա, որ Հայաստանի ԱԺ նախագահն իրավասու է զբաղվել այդ հարցով, պատասխանատու է որեւէ երկրի քաղաքացու՝ քաղաքական ապաստան տալու գործընթացի համար: 

Հիմա, հարց է առաջանում, Տինախովսկայային Հայաստանի հանրապետության ի՞նչ, ո՞ր ներկայացուցիչներն են հայտնել, որ Նովիկովը ստանալու է քաղաքական ապաստան:

Հիմա հատուկ ընդգծեմ «երկրպագուների» համար. Նովիկովին գուցե իսկապես պետք է տալ քաղաքական ապաստան, ես չգիտեմ՝ նա Բելառուսում ենթարկվո՞ւմ է քաղաքական հետապնդման, թե՞ իսկապես ընդամենը փախել է զորակոչից, ինչի դեպքում նրան քաղաքական ապաստան տալը նշանակելու է քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքի խախտում: 

Բայց, հարցը այստեղ բացարձակապես դա չէ: Այդ հարցը կորոշի Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ օրենքով սահմանված կարգով, համապատասխան պետական ինստիտուտների միջոցով: Եվ այդ որոշման մասին Հայաստանի Հանրապետությունը կհայտարարի պատշաճ կարգով: 

Հենց այդպիսին պետք է լիներ Հայաստանի Հանրապետության որևէ պետական ներկայացուցչի պատասխան, որևէ երկրի քաղաքացուն քաղաքական ապաստան տալու մասին որեւէ մեկի հարցին:

Ո՞վ է Տիխանովսկայան, որն իրեն «իրավունք» է վերապահում ՀՀ անունից հայտարարել մի որոշման մասին, որը ենթակա է բացառապես ՀՀ պետական կարգին: Եվ ո՞վ է պետական որևէ պաշտոնյա, որն իրեն իրավունք է վերապահում շրջանցել այդ կարգն ու ինչ որ ոչ պետական անձի հետ քննարկել ՀՀ պետական կարգին առնչվող՝ իր լիազորությունից դուրս գտնվող  հարցեր:

Ինքնիշխանությունը քարոզչական կոնյուկտուրա և բաժակաճառ չէ, ինքնիշխանությունը նախ քաղաքական և պետական մտածողություն է»:
 

Նմանատիպ նյութեր