211652_close_icon
views-count1015 դիտում article-date 23:36 14-03-2024

Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրել 2 համաշխարհային հռչակագրերի նպատակներին հասնելու համար. ՄՔԾ պետ Արմեն Ղազարյան

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մարտի 11-ին Ժնևում մասնակցել է Միջազգային միգրացիայի վերանայման ֆորումին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ֆորումի շրջանակներում միգրացիայի հարցերով ՄԱԿ-ի ցանցը կազմակերպել է երկու բազմակողմանի խորհրդակցություն՝ նախապատրաստվելով Տարածաշրջանային վերանայմանը: Շահագրգիռ կողմերը կոչ են արել ներառել քաղաքացիական հասարակությանը և արհմիությունները՝ GCM-ի իրականացման և վերանայման բոլոր քայլերում, ինչպես նաև ներգրավել միգրանտներին և նրանց կազմակերպություններին՝ իրենց վերաբերող բոլոր որոշումներում:

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի համաշխարհային հռչակագրի երկրորդ տարածաշրջանային վերանայման միջոցառման (GCM)՝ Եվրոպական Տարածաշրջանի Տնտեսական հանձնաժողովի նիստում։

Արմեն Ղազարյանն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, նախ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունել բոլորիդ՝ անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի համաշխարհային հռչակագրի երկրորդ տարածաշրջանային վերանայման միջոցառման (GCM) կապակցությամբ, որն իրականացվում է Եվրոպական Տարածաշրջանի Տնտեսական Հանձնաժողովի շրջանակում: Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ընդգծենք մարտահրավերների համաշխարհային և տարածաշրջանային այն ջանքերը, որոնք ուղղված են ընթացիկ միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելուն և համաշխարհային միգրացիոն գործընթացների առաջընթացին հետևելուն՝ հիմնվելով միգրացիայի 2022 թ. միջազգային վերանայման ֆորումի արդյունքների վրա։

Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրել երկու համաշխարհային հռչակագրերի նպատակներին հասնելու համար՝ բարելավելով միգրացիայի կառավարումը և տեղահանված մարդկանց պաշտպանությունը։ Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային հռչակագրերի (GCM-ի) շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Հայաստանը ձգտում է պատշաճ կատարել ստանձնած հանձնարարությունները, մասնավորապես՝ քաղաքականության մշակման ոլորտում, ինչը կօգնի ինչպես հռչակագրի իրականացման, այնպես էլ դրա զեկուցման գործընթացներում։

Հարգելի՛ գործընկերներ, Համաշխարհային միգրացիայի հռչակագրի առաջնային նպատակը մեր երկրում շարունակվող միգրացիոն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են։ 2022 թ․ Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (ՄՔԾ)։ Արդյունքում՝ միգրացիայի հետ կապված կառույցների և գործառույթների մեծ մասը համախմբված է, և ֆունկցիոնալ կենտրոնացումը բարձրացրել է միգրացիայի կառավարման արդյունավետությունը։ Միգրացիայի ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակն է ունենալ միգրացիայի միասնական և արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով գործընթացների անվտանգությունը, ինչպես նաև անցում կատարել դեպի քաղաքացիակենտրոն ծառայություններ։

Միգրացիայի կառավարման թվայնացումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի։ ԵՄ-Հայաստան ռեադմիսիոն կառավարման էլեկտրոնային համակարգը (2019 թ.), Work permit համակարգը (2022 թ․) և ապաստանի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգը (2022 թ.) արդեն թվայնացված են, և ներկայումս մենք նախաձեռնել ենք միգրացիայի ոլորտում բոլոր ծառայությունների թվայնացումը։

Արդեն մեկնարկել է քաղաքացիության վերաբերյալ վարչական գործընթացների թվայնացումը և կացության թույլտվությունների տրամադրումը։ Ավելին, պետական-մասնավոր համագործակցության միջոցով ընթացքի մեջ է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի մշակումն ու ներդրումը՝ համակարգման և որակի վերահսկման գործառույթները թողնելով որպես պետության մանդատ։ Էլեկտրոնային համակարգերի ներկայացումը հասցեագրում է միգրացիայի համաշխարհային հռչակագրի տարբեր նպատակներ, մասնավորապես՝ համապատասխան փաստաթղթավորման հասանելիության դյուրացում, միջազգային միգրացիայի համատեքստում կանոնավոր միգրացիայի ուղիների ամրակայում, մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման հավելյալ գործիքակազմի ապահովում։

Կառավարությունը առաջնահերթություններ է սահմանել վերադարձի հետընդունման և վերաինտեգրման ոլորտները (GCM նպատակ 21)։ Հայաստանը շարունակում է ապահովել էական բարելավում` երկկողմանի և բազմակողմանի ռեադմիսիոն համաձայնագրերի կատարման համատեքստում։ Ավելին, վերաինտեգրման հարցերի արդյունավետ համակարգումը և տարբեր շահառուների, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը պահպանվել է։ 2023 թ. հիմնադրվել է վերադարձի և վերաինտեգրման կենտրոն՝ հայրենադարձների ինտեգրումը և սոցիալ-քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքին ներգրավումը առավել հարթ կազմակերպելու նպատակով (GCM նպատակ 19)։

Միևնույն ժամանակ մենք բախվել ենք տեղահանության մեկ այլ ալիքի՝ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից գործարկված ռազմական ուժի կիրառման հետևանքով։ Ավելի քան 100 հազար փախստականներ բռնի տեղահանվել են ԼՂ-ից։ Հայաստանի կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շնորհել է ժամանակավոր պաշտպանություն։ Կառավարության առաջնահեթությունն է տուժած բնակչության շրջանում աջակցության գործուն մեխանիզմների ստեղծումը։ Այս ոլորտում մեր ջանքերը միանգամայն համապատասխանում են հռչակագրերին՝ փախստականների ինքնաբավ կենսագործունեությունը ապահովելու սկզբունքի և ընդունող հասարակություններում նրանց սոցիալական ներգրավվածությունն ապահովելու տեսանկյունից։ Այդ իմաստով միջազգային հանրության ներգրավվածությունը և աջակցությունը կենսական նշանակություն ունի, և մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ՝ փախստականների և տեղահանված անձանց համար կենսապահովման գործընթացներին և այլ ծառայություններին հասանելիություն ապահովելու նպատակով։

Տիկի՛ն նախագահ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ GCM-ի 23 նպատակները Հայաստանի Հանրապետության համար կարևոր ուղենիշներ են միգրացիայի քաղաքականության մշակման գործընթացում, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին՝ այս կարևոր փաստաթղթի ստեղծմանը մասնակցելու համար»։

Նմանատիպ նյութեր