211652_close_icon
views-count33777 դիտում article-date 17:55 03-03-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինն էլ կոտրել է երկաթե ճաղավանդակն ու հայտնվել մայթին. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րֆ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
 
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանցից մի քանիսն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արծրուն Ռտոյանն ու պարեկ Հարություն Մանգասարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր