211652_close_icon
views-count1132 դիտում article-date 14:04 29-02-2024

Համայնքը կդիտարկի ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը․ Փամբուխչյանը՝ Նոր Նորքի ապօրինի շինություններից մեկում փաստացի բնակվող ընտանիքի մասին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը.

«Սիրելի երևանցիներ, կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:

Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:

Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:

Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին», - նշել է փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները քանդվելու են։ Բնակիչները քաղաքապետի որոշմանը դեմ են և փորձում են արգելել քանդման աշխատանքները։ Նրանք նշում են, որ իրենց ծանուցում չի եկել և ընդամենը 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։ Այժմ տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։

Նմանատիպ նյութեր