211652_close_icon
views-count49540 դիտում article-date 13:15 29-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ. կան վիրավորներ. մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Լենինգրադյան փողոցից դեպի Հասրաթյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել կանաչ գոտու վրայով, կոտրել ծառը և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մարդատար ГАЗель-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախնայանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել, տեղում ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Արամ Խաչատրյանը, Սամվել Իսախանյանը, և պարեկ Վլադիմիր Մկրտչյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ապարան թիվ 531 երթուղին և մեքենան թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ BMW -ն բախվել է ГАЗель -ին և մոտ 4 մետր, ժողովրդի լեզվով ասած՝ «բրդելով» առաջ է տարել ГАЗель-ը և 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր