211652_close_icon
views-count724 դիտում article-date 16:57 19-02-2024

Կաթողիկոսը քահանաներին պատգամել է հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ:

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ փոխանցեց վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:

Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը պատգամեց քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին՝ նպաստելով առկա դժվարությունների հաղթահարմանը։

Անդրադառնալով սփյուռքի հայորդիների Հայրենիքին բերած աջակցությանը՝ Նորին Սրբությունն ի մասնավորի սփյուռքում ծառայող եկեղեցականներին հորդորեց իրենց համայնքների միջոցով տեղի իշխանությունների առջև բարձրաձայնել Հայաստանի և տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերները։
Հայոց Հովվապետը կարևոր նկատեց նաև հոգևորականների գործուն մասնակցությունը հայորդիների կրթության և դաստիարակության գործում։

Հանդիպմանը վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք իրենց օգտակարությունն են բերում քահանա հայրերի հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։

Նմանատիպ նյութեր