211652_close_icon
views-count51901 դիտում article-date 15:25 14-02-2024

Էրեբունու ոստիկանները Սարի թաղում իրականացրել են հատուկ օպերացիա. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ Սարի թաղում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչը իր տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական հետախույզներին մի քանի ժամը բավականացրեց, և վստահ լինելով օպերատիվ տվյալների վրա, ոստիկանության էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչը քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանի կողմից ստանում է խուզարկության թույլտվություն ու արդեն երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները քննչական խմբի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ առավոտյան ժամը 08:00-ին այցելում են Սարի թաղի 18 փողոցի 56-ամյա Հակոբ Մ-ի տուն:

Տեղում պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:

Հայտնաբերվում է «ԱԿՍ 74» տեսակի խզակոթով ինքնաձիգ, 1 հատ երկփողանի հրացան, 1 հատ ազդանշանային ատրճանակ, 1 հատ սվին դանակ, 2 հատ «Ֆ1» և «ՌԳԴ5» տեսակի նռնակներ, «ՏՈԶ» տեսակի հրացանի փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի ու տրամաչափի փամփուշտներ:

Տեղում արդեն Հակոբ Մ.-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնում է, որ զենք-զինամթերքը ինքը բերել է Արցախի Հանրապետությունից:

Քննիչը ողջ զենք-զինամթերըք առգրավվում է, իսկ Հակոբ Մ.-ին ոստիկանները տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացնում են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին 2 ամիսների ընթացքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները այնքան զենք ու զինամթերք էին հայտնաբերել, մեծ մասը օպերատիվ տվյալներով, մի մասն էլ ազգաբնակչության հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին ինքնակամ ոստիկաններին է ներկայացրել իր մոտ եղած զենք-զինամթերքը, ու այդ ամենով կարելի է զինել մի ամբողջ գունդ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր