211652_close_icon
views-count1003 դիտում article-date 07:54 09-02-2024

Վրիպա՞կ, թե՞ ոչ․ Էկոնոմիկայի նախարարության գնումների պայմանագրում առկա թիվը 10 անգամ ավել է ապրանքի իրական գնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտվել էր ուշադրության կենտրոնում։

2021 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ 28.02.2020թ.-ին կնքվել է պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ, պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44 մլն 474 հազար դրամ: Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետները, ինչպես նաեւ չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 445 հազար դրամի վնաս:

Էկոնոմիկայի նախարարությունը այս իրադարձություններից հետո դասեր է քաղել եւ պատվաստանյութը 2023 թվականին գնել է էլեկտրոնային աճուրդով «Ինովատոր» ՍՊԸ-ից։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 187 մլն 972 հազար դրամ՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Գնման առարկան եղել է անասնաբուժության մեջ կիրառվող՝ կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմավալենտ, սորբինացված, կուրտուլար, ակտիվազրկված պատվաստանյութ՝ վիրուսի A Իրան 2005 եւ AG-VII, O Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 տիպերի դեմ։

Պատվաստանյութի միավորի արժեքը կազմել է 111 դրամ, եւ ձեռք է բերվել 168 հազար 880 հատ։ Հետաքրքիրն այն է, որ երբ բազմապատկում ես քանակը պայմանագրում նշված մեկ հատի արժեքի հետ, ստացվում է ոչ թե 187 մլն 972 հազար դրամ, այլ 18 մլն 797 հազար դրամ։ Հասկանալի չէ՝ սա վրիպակ է, թե ոչ. չենք կարող ասել։ Եթե դիտարկեք, որ սա Ավելացված արժեքի հարկ է, կասկածելի կլինի, որ այն 10 անգամ ավելի շատ է պայմանագրով պահանջված ապրանքի գնից։

Գնումները կատարվել են Վահան Քերոբյանի նախարարության օրոք, ում օրոք նաեւ կատարվեցին սկանդալային բացահայտումներ։ Պաշտոնի չարաշահումների համար ձերբակալվեցին արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որն աշխատում էր «Սիներջի» ընկերությունում։ Ընկերությունը կասկածվում է նախարարությունում տենդերներն ապօրինաբար շահելու մեջ։ Ձերբակալվեցին նաեւ նույն ընկերության բիզնես բաժնի ղեկավար Լիլի Մկրյանը եւ ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր