211652_close_icon
views-count53116 դիտում article-date 12:00 04-02-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Իժ» մակնիշի չգործող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է դեմքն ամբողջովին վնասված տղամարդու դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։

Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերզյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու Վարուժան Ենգիբարյանը։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Պետրոսյանի գլխավորությամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Տարոն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը, ում մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։

Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր