211652_close_icon
views-count59651 դիտում article-date 23:29 31-01-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված հետիոտնը մահացել է․ բնակիչներն էլ ասում են՝ «քանի քաղաքապետ եղել ա, բոլորն էլ դարձել են «Փչան Թոդորոս»». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների տղամարդը վրաերթի է ենթարկվել ու մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանն ու օպերլիազոր Էրիկ Գրիգորյանը օպերատիվ տվյալներով պարզում են, թե որտեղ է տեղի ունեցել վրաերթը, ապա ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի հետո նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի և քննիչ Նարեկ Գրիգորյանի հետ Բաբաջանյան փողոցի մոտ 2 կմ-անոց ճանապարհահատվածում փնտրում են դեպքի վայրը ու գտնում։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերում են արնանման հետքեր և գլխարկ։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գլխարկը վրաերթի ենթարկվածինն է լինում և հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության, չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և վարորդի ինքնությունը և ինչ ավտոմեքենա է եղել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է քննչական բաժին, ով ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վրաերթի վայրի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները իրենց վրդովմունքն էին հայտնում՝ ասելով․ «Նշված հատվածում հետիոտների համար տեղաշարժը մի իսկական պատուհաս է դարձել։ Ցերեկները եթե հնարավոր է լինում անցնել, ապա մութը ընկնում է, իսկ արտաքին լուսավորությունն էլ երբ ուզում, ոնց ուզում միացնում են, դրա համար էլ անընդհատ վրաերթեր են տեղի ունենում։ Շատ մարդիկ հազիվ են պրծնում որոշ «վայ» վարորդների «շումախերական քշելուց»։ Քաղաքային իշխանություններին մեռանք դիմելով, որ էս ճանապարհի հարցը լուծեն, բայց սաղ «օդ դուրս եկան»։ Ավինյանից առաջ քանի քաղաքապետ եղել ա, բոլորն էլ մեր համար դարձել են հայտնի «Պահանջվում է ստախոս» թատրոնի հերոսներից «Փչան Թոդորոս»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր