211652_close_icon
views-count57024 դիտում article-date 18:45 31-01-2024

ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայության տեսուչին ու վաշտի հրամանատարին «յաշիկավարը» չկարողացավ մոլորեցնել. նա Արցախում ունեցել է վուլկանիզացիա, ու պարգևատրվել է նախագահի կողմից՝ անվանական զենքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը տարեսկզբին Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը դարձյալ, ինչպես 2023 թվականը, այս տարին նույնպես հայտարարել են պայքար՝ մի քանի հանցատեսակների դեմ՝ այդ թվում զենք-զինամթերքի հայտնաբերման։

Ա. Խուդինյանը պարեկներին հորդորել է, որ նրանք պետք է ոչ միայն օպերատիվ տվյալներով փորձեն ստանալ զենք-զինամթերքների մասին, այլ նաև ազգաբնակչության հետ տանեն բացատրական աշխատանքներ և հասնեն այնպիսի արդյունքի, որ քաղաքացին իր մոտ եղած ապօրինի պահվող զենք-զինամթերքը ներկայացնի ոստիկաններին, պարեկներին։  Դուք քաղաքացիներին պետք է տեղեկացնեք նաև, որ եթե պարզվի, որ այդ զենք-զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:

2023 թվականին բարձր ցուցանիշներ է ունեցել ոստիկանությունը՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանը օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհով ընթացող Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:

Կարճ ժամանակում Կ. Բաղյանն ու Դ. Հովհաննիսյանը ուղևորվում են Երևան-Սևան ավտոճանապարհ, և նշված ճանապարհի 10.5 կմ հատվածում նկատում են «յաշիկը», և կանգնեցնում այն:

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, և նրա ավտոմեքենայում հայտնաբերվում է օպտիկական սարք, ձեռքի պայուսակում՝ թվով 13 մարտական փամփուշտներ:

Վարորդը՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Էդուարդ Հարությունյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պատճառով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան ի պահ է հանձնվում ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածքում, իսկ կասկածյալ Է. Հարությունյանը ձերբակալվում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խոստովանում է, որ Զինված ուժերում օգտագործվող օպտիկական սարքն ու մարտական փամփուշտները ինքը բերել է Արցախից, իսկ ատրճանակը, որը որպես պարգևատրություն իրեն է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, թողել է Արցախում:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր