211652_close_icon
views-count40897 դիտում article-date 11:00 26-01-2024

Ճամբարակի ոստիկանները սաստիկ բքի պայմաններում ձնակույտի միջից դուրս են բերել անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներին․ եթե ոստիկանները մի փոքր ուշանային նրանք մնալու էին ձնաբքի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին արգելափակվել է ձնաբքի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կողմից փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանին:

Ճամբարակի ոստիկանները Բ. Աղաբաբյանի գլխավորությամբ, չսպասելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճամբարակի փրկարարական ջոկատի փրկարարներին, հերթապահ մասի Виллис-ով ուղևորվել են նշված վայր:

Մոտ 15 կմ ճանապարհը ոստիկաններն անցել են ուժեղ բքի, տեսանելիության վատ պայմաններում, ի վերջո ձնաբքի մեջ հայտնաբերում են Mercedes-ը, վարորդին ու ուղևորներին:  

Գրեթե 1 ժամ ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ավտոմեքենայի վարորդի և ուղևորների հետ պայքարել են, որ ավտոմեքենան «Արջաքար» կոչվող հատվածում հայտնված ձնակույտի միջից դուրս բերեն: Ոստիկանների աշխատանքը բավականին դժվար է եղել, քանի որ ուժեղ բուքը խանգարում էր նրանց:

Ի վերջո ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է ավտոմեքենան և այդ քաղաքացիներին անվտանգ դուրս բերել ձնակույտի միջից և եթե ոստիկանները մի փոքր ուշանային, բուքը իր սև գործն էր անելու, ու մարդիկ մնալու էին ձնաբքի տակ, իսկ նրանց հեռախոսների մարտկոցներն արդեն դադարել էին աշխատել, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, «զարյադկան նստել էր», ու ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում կարելի է ասել ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր