211652_close_icon
views-count1792 դիտում article-date 12:47 20-01-2024

Հայտարարություն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 49-ամյակի առիթով

Հայությունը՝ հայաստանաբնակ եւ սփյուռքաբնակ հատվածներով, իր նորագույն պատմության ամենաճակատագրական եւ ամենաբախտորոշ շրջափուլում է։ Նախորդ դարի 60-ականներին թափ առած հայ ժողովրդի քաղաքական – գաղափարական, հետեւաբար, նաեւ հոգեբանական զարթոնքը, իր տարբեր դրսեւորումներով՝ սկսած 1965-ի երեւանյան ցույցերից, շարունակած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման աշխատանքներով ու բռնագրավված հայկական հողերի համար նորագույն զինյալ ազատագրական պայքարով, Արցախյան ազատամարտով եւ Արցախի ազատագրումով, Հայաստանի անկախացումով եւ պետականակերտման գործընթացի մեկնարկով, այսինքն՝ հազարավոր հայորդիների անսակարկ նվիրաբերումի հանրագումարը հանդիսացող՝ ազգային մաքառումի եւ վերազարթոնքի մոտավորապես վաթսունամյա շրջափուլը ավարտվում է հայապատկան Արցախի հայաթափումով եւ կորստով, հատկապես հայոց պետականության դեմ ձեւավորվող գոյաբանական սպառնալիքներով եւ մարտահրավերներով:

Առկա իրավիճակի տխուր եւ կործանարար իրողությունը ավելի է շեշտվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր ազգի ստվար մեծամասնությունը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցել, իրավիճակի օրհասականությունը, ցավ եւ նվաստացում չի ապրում Արցախի կորստի եւ հայրենի հողի բռնազավթման, հարյուր հազարավոր հայերի իրենց պատմական հայրենիքից բռնագաղթելու համար եւ տրվել է նյութապաշտությանն ու եսապաշտությանը, օտարվել ազգի հավաքական տեսլականից եւ իղձերից՝ ընկղմվելով անտարբերության, անհոգության եւ անզգայության տիղմի մեջ:

Մեկ խոսքով՝ այս անգամ նահանջը ոչ թէ առանց երգի է, այլ նահանջ է՝ երգով, պարով ու կերուխումով:

Պատճառները եւ պատճառաբանությունները կարող են տարբեր լինել։ Իրավիճակի համար կարելի է մեղադրել ցանկացած մեկին նորերից, հիներից, օտարներից, թշնամիներից, դարանակալ բարեկամներից եւ այլն, բայց ուրիշներին մեղադրելով իրավիճակը չի փոխվի։ Շրջադարձ կատարելու համար անհրաժեշտ է գտնել բանաձեւեր եւ լուծումներ՝ որոնք կխթանեն մեր հասարակության ինքնագնահատականը, արժանապատվությունը եւ հպարտությունը: Ազգային դիմագծի ու ինքնագիտակցության դեմ շղթայազերծված ընթացիկ գրոհը նենգ է ու ստոր, համատարած է ու բազմաճակատ, մանավանդ՝ բացահայտորեն վայելում է պետական բարձրաստիճան իշխանավորների հովանավորությունը եւ արտաքին ուժերի անթաքույց նեցուկը։ Պատասխան քայլերը պետք է լինեն համակարգված, թիրախային եւ հասցեական:

Մեր կոչն է, ազգային կենսագործունեության՝ գիտական, կրթական, մշակութային, քաղաքական - հասարակական, բարեգործական, տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտներում ստեղծել դիմադրական կենսունակ օջախներ, որոնց գերակա նպատակը պետք է լինի դիմադրել ապազգայնացման սողացող գրոհին եւ դիմակայել ազգային ինքնությունը խեղաթյուրելու, խորհրդանիշները աղավաղելու, արժեքները եւ ավանդույթները նենգափոխելու գծուծ փորձերին: Պետք չէ մոռանալ այն անուրանալի փաստը, որ առաջընթացը, հետեւաբար հաջողության գրավականը, նույնիսկ փոքր ձեռքբերումների կուտակումով է կերտվում, իսկ պայքարի զորությունը բխում է նպատակի հստակությունից եւ թիրախների ճիշտ ընտրությունից։ Բռնագրավված հայրենիքի ազատագրության համար պայքարը շարունակական գործընթաց է, անժամկետ է ու միասնական: Պայքարի ճակատները, ձեւերը եւ բնույթը կարող են փոխվել ըստ տվյալ
պահի առաջնահերթության եւ անհրաժեշտության: Ըստ տվյալ ժամանակահատվածի ներքին եւ արտաքին իրավիճակների դասավորվածության նաեւ, այն կարող է ունենալ մակընթացության կամ տեղատվության հանգրվաններ, բայց ըստ ամենայնի՝ գերագույն նպատակը մնում է անփոփոխ եւ անսակարկելի:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը՝ որպէս ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպություն, հանձնառու է իր պատմական առաքելությանը եւ շարունակում է պայքարը հանուն համահայկական շահերի պաշտպանության եւ թրքա-ազերիական ոհմակների կողմից հայրենիքի բռնագրավված հողերի ազատագրության:

Խոնարհո՛ւմ հայրենիքի ազատագրության ճանապարհին ընկած բոլոր նահատակների հիշատակին: Փա՜ռք պայքարի անձնվեր ազատամարտիկներին, ովքեր շարունակում են ու կշարունակեն բոցավառ պահել ամբողջական ու միասնական Հայաստանի կերտման ջահը:

Հաղթանակը մերն է:

20 հունվար 2024
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ
Բովանդակ Հայաստանի քաղաքական ղեկավարություն

Նմանատիպ նյութեր