211652_close_icon
views-count919 դիտում article-date 15:12 10-01-2024

Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, կիրառված օրենսդրական նորմը հակասում է միջազգային չափանիշներին․ համատեղ զեկույց

2023 թ․ դեկտեմբերի 21-ին հրապարակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դատավճիռը, որով նա դատապարտվեց 2․5 տարվա ազատության սահմանափակման ՝ զրկվելով հավաքներ կազմակերպելու և հավաքների այլ հանրային միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև բնակության վայրը փոխելու իրավունքներից։ Ա․Չալաբյանը հետապնդվում էր 2022 թ․ ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունները դատապարտում են Ա․ Չալաբյանի նկատմամբ իրականացված հետապնդումը և դատավճիռը՝ համարելով, որ այն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, կրում է խտրական բնույթ և չի համապատասխանում ՀՀ կողմից ստանձնած և միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների չափանիշներին։

Առաջնային խնդիրը կապված է հենց Ա․ Չալաբյանի դեմ կիրառված օրենքի հետ։ Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կապված չէ հարկադրանքի կամ խոչընդոտելու հետ և, ըստ էության, կարող է վերաբերել ցանկացած նյութական աջակցությանը՝ հավաքին մասնակցելու նպատակով կամ դրանից հրաժարվելու համար։

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմք հանդիսացող օրենսդրական փոփոխությունների փաթեթը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ կարծիք ստանալու նպատակով, որոնք իրենց կարծիքում անդրադարձել են միայն հավաքներին հարկադիր մասնակցության կամ խոչընդոտելու հանցակազմերին՝ բաց թողնելով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու նոր հանցակազմը։ Նշված նոր հանցակազմին անդրադարձի բացակայությունը կարող է բացատրվել նրանով, որ ԱԺ կողմից ներկայացրած օրենսդրական փաթեթի անգլերեն թարգմանության մեջ առկա են եղել թերություններ, որոնք խեղաթյուրել են հանցակազմի իմաստը։ Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ հավաքներին խրախուսվող մասնակցության պրակտիկան չպետք է ենթարկվի իրավական կարգավորման, եթե նման խրախուսումների տրամադրումը չի հակասում նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համաչափ սահմանափակումներ սահմանող օրենքներին։

Հարկ է նշել, որ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը մինչ օրս կիրառվել է միայն ընդդիմադիր գործիչների նկատմամբ և նախընտրական քարոզչության ֆինանսավորման համատեքստից դուրս։ Նույն հոդվածով են հետապնդվում նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանը և Գառնիկ Մանուկյանը։

Եզրակացություն․

- Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը՝  նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումերի համատեքստից դուրս, հակասում է միջազգային չափանիշներին։

-Ա․ Չալաբյանի նկատմամբ հետապնդումը և դատապարտումը, հիմնարար ազատությունից օգտվելու իրավունքի տևական արգելքը նման խնդրահարույց իրավական հիմքով չի համապատասխանում մարդու իրավունքների չափանիշներին՝ ինչպես նրա դեմ կիրառված օրենքի, այնպես էլ հետապնդման ընթացքում վերջինիս կալանավորման և ուղեկցվող այլ իրադարձությունների համատեքստում։

- ՀՀ դատական իշխանության կախվածությունը գործադիրից համակարգային խնդիր է, որը հաշվի առնելով Ա․ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքները, ուղղակիորեն անդրադարձել է վերջինիս հիմնարար իրավունքների և ազատությունների վրա։

- Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմը, չհամապատասխանելով միջազգային չափանիշներին, կիրառվում է խիստ խտրական եղանակով։ Մի դեպքում, ընտրական գործընթացների հետ կապ չունեցող հավաքների համատեքստում, այն կիրառվում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդելու գործիք։ Մյուս դեպքում այն չի կիրառվում, երբ գործողություններն իրականացվել են իշխող ՔՊ կուսակցության կողմից` ինչպես տեղի ունեցավ 2023 թ․ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը  հայտարարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Առաջարկություններ․

-  ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի

236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի գործունեությունը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։

- Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին վերանայել միացյալ հրատապ կարծիքում արտահայտված մոտեցումը և հրապարակել դիրքորոշում ՝ հաշվի առնելով նաև նշված հանցակազմի՝ ՀՀ-ում կիրառաման պրակտիկան։

 

Նմանատիպ նյութեր