211652_close_icon
views-count80668 դիտում article-date 11:50 01-01-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ BMW-ն Նորագավիթում բախվել է ծառին․ 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկներն ու քաղաքացիները․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ 1-ին փողոցում՝ «Արարատ» առևտրի կենտրոնի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Նորիկ Դավթյանը, կրտսեր պարեկ Ռաֆիկ Աթոյանը և քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում  տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պետրոսյանն ու պարեկ Արամ Հարությունյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր