211652_close_icon
views-count97906 դիտում article-date 12:19 29-12-2023

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ

SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, որն ավարտվել էր սպանությամբ:

Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը մի քանի քաղաքացիներից հեռախոսազանգեր էր ստացել, ովքեր ասում էին, թե գույները խտացվել են ու ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել, պարզապես մի 3 հոգի բարձր հայհոյել են իրար ու հետաքրքիրն այն էր, որ նրանք չէին հերքում, որ տեղի էր ունեցել սպանություն:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որտեղ ոչ թե ծեծկռտուք, այլ «ռազբոռկա» է տեղի ունեցել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 26-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մ. Գարակյանի գլխավորությամբ: 

Տեղում ոստիկանները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է: 

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Ե. Նիկոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել էին դեպքի հանգամանքները: 

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տոլստոյ-Արհեստավորների 1-ին փողոցի խաչմերուկի մոտ Կամո Գ.-ն, Երևանի բնակիչներ 17-ամյա Սեյրան Գ.-ն, 16-ամյա Դավիթ Լ.-ն, 49-ամյա Տիգրան Բ.-ն, 37-ամյա Սարգիս Պ.-ն և 30-ամյա Հայկ Խ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության էին բռնվել Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Հ.-ն, 22-ամյա Սուրեն Հ.-ի, 20-ամյա Էդմոն Հ.-ի, և 41-ամյա Լամարա Մ.-ի հետ, որի ընթացքում փոխադարձ կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ ու հարվածներ, իսկ էդմոն Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել էր Կամո Գ.-ին՝ պատճառելով մահ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Զավարյան 49 հասցեի մոտից ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, հայտնաբերել էին Տիգրան Բ.-ին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնի բաժին: 

Արդեն դեպքի վայրում ոստիկանները, պարեկները, ապա ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի քննիչները հայտնաբերել էին արնանման հետքեր: 

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն և խուլիգանություն կատարելու դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր