211652_close_icon
views-count73627 դիտում article-date 22:42 06-12-2023

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու «Կամազ» բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր. օպերատիվ են գործել Վանաձորի փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վալերիկ Կ․-ի վարած BMW մակնիշի և ՌԴ քաղաքացի 28-ամյա Մախարբեկ Տ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Լիանա Դ-ն տեղում մահացել է։

Վարորդներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները, ովքեր մահացածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։

Օպերատիվ են գործել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր