211652_close_icon
views-count112332 դիտում article-date 11:10 06-12-2023

Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը` վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժանմունքի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ առավոտյան, գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գալուց են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել են երեխաների վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքը, որտեղ որ տեղի է ունեցել, Սուրենավանի գյուղապետարանի հարևանությամբ գտնվող ակումբի մոտ է եղել, որից քիչ անց գտնվում է դպրոցը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր