211652_close_icon
views-count664 դիտում article-date 19:48 04-12-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ Հայաստան իր այցի ընթացքում ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի պատգամավորը հավաստիացրել է, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ կատարած կոչի համար։

Նմանատիպ նյութեր