211652_close_icon
views-count146909 դիտում article-date 17:43 01-12-2023

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Լոռու մարզում.Ագարակի տներից մեկում հայտնաբերվել է 93-ամյա կնոջ դի. ժամանել են Լոռու մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլուխը ջնջխված կնոջ դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյան գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, պետի տեղակալ Արման Գալստյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Արաքսյա Առաքելյանի դին և արնանման հետքեր:

Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանն ու փորձագետ Վահրամ Պողոսյանը:
 
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյո՞ք սպանությունը զուգորդվել է տունը թալանելով:
 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր