211652_close_icon
views-count26513 դիտում article-date 13:07 29-11-2023

Ավազակային հարձակում՝ Արարատի մարզում. «Յանդեքս» տաքսու վարորդին թալանել են, իջեցրել Opel-ից և նրան պատկանող ավտոմեքենայով ստահակները դիմել են փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Գնել Ա.-ն և հայտնել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել և տարել են իր կողմից վարած ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Վահե  Միրզոյանի , վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի գլխավորությամբ:

Ոստիկաններին ու քննիչներին Գնել Ա.-ն հայտնել է, որ ինքը տաքսի ավտոմեքենայի վարորդ է և անհայտ անձինք դանակի սպառնալիքով իրեն հարկադրաբար ստիպել են ավտոմեքենան վարել ամայի տարածքների ուղղությամբ:

Հասնելով Փոքր Վեդի՝ իրեն դուրս են հանել Opel մակնիշի ավտոմեքենայից և առևանգել մեքենան: 

Նա հայտնել է նաև, որ այդ օրը «Յանդեքս» տաքսի ծառայությունից է պատվեր ստացել Երևանից դեպի Արարատ քաղաք, որից հետո Երևան հետ գալու ճանապարհին երկու ուղևորներից մեկը, որոնց չի ճանաչել, ձեռքով հետևից բռնել են իր պարանոցը, տվել սպանության սպառնալիքներ, պահանջել ավտոմեքենան, ապա իրենից հափշտակելով մեքենայի բանալիները, բջջային հեռախոսն ու իր մոտ եղած գումարը, իրեն դուրս են հանել ավտոմեքենայից, իջեցրել դաշտամիջյան տարածքում և հեռացել: 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու. նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր