211652_close_icon
views-count1162 դիտում article-date 20:37 15-11-2023

Հայաստանն ունի Գրանադայի սկզբունքներով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք. Միրզոյան

Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։

Նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Հարգելի գործընկերներ,
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով:

Այսպիսով, հետագա քննարկումը խթանելու համար թույլ տվեք առաջ քաշել երկու հարցադրում, որոնց շուրջ մտորումները կարող են այսօր օգտակար լինել.

ինչի՞ մասին էր և ինչի՞ մասին է Արևելյան գործընկերությունը,

ո՞րն է քաղաքացիական հասարակության դերը աշխարհը և, մասնավորապես, Արևելյան գործընկերությունը փոխելու գործում: 

Դեռևս 2009 թվականին, երբ ԱլԳ-ն մեկնարկեց, այն նպատակ ուներ ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ-ի և անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը և աջակցել բարեփոխումների օրակարգին: Եթե փորձենք ամփոփել մեկ նախադասությամբ, ապա ԱլԳ մեկնարկեց՝ լինելով ժողովրդավարության մասին և այսօր շարունակում է մնալ ժողովրդավարության մասին:

Ես հպարտությամբ կարող եմ փաստել, որ իմ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մենք բախվել ենք վերջին տարիներին՝ COVID-19 համավարակը, 2020թ. պատերազմը, ռազմական հարձակումները և ագրեսիան ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի, էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի փախստականների հոսքը, ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի պահ կանգ չեն առել: Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին:
Դա իսկապես դժվար է: Դժվար է պահպանել ժողովրդավարությունը, եթե չկա բարենպաստ միջավայր: Եվրոպական անվտանգության ճարտարապետության փլուզումը, ավտորիտարիզմի աճն աշխարհում, մի կողմից՝ ՄԱԿ-ի կանոնադրության, մյուս կողմից՝ ժողովրդավարական արժեքների զանգվածային խախտումները ստիպում են լրջորեն վերանայել, թե ինչպես պետք է ԵՄ-ն իրեն դիրքավորի: Եվ սա պահանջում է ԵՄ-ից ոչ միայն ամրապնդել իր կապերն Արևելյան գործընկերների հետ, այլև խրախուսել  Արևելյան գործընկերների միջև համագործակցությունը:

Այս համատեքստում ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի որոշումն առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի հետ, և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որոնք նույնպես ունեն եվրոպական ձգտումներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ: Մենք համագործակցում ենք բարեփոխումների օրակարգի իրագործման, 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների իրականացման շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում։

Վերջերս մենք ազդարարեցինք Հայաստան-ԵՄ բարձրաստիճան քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկը, որի երկրորդ փուլը տեղի է ունենում այսօր Բրյուսելում: Ես նաև ողջունում եմ ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Ավելին, ԵՄ-ն Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին: Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։

Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը:

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով քաղաքացիական հասարակությունների դերի վերաբերյալ իմ երկրորդ հարցին՝ պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ մի կառավարություն ի վիճակի չէ իրականացնել զարգացման օրակարգ և պայքարել մարտահրավերների դեմ միայնակ՝ առանց ձեզ։ Ժամանակները, որում մենք ապրում ենք, ամենևին էլ հեշտ չեն, և ես միանշանակ գիտեմ, որ այն հարցերը, որոնց մասին ես խոսում էի, չեն հասցեագրվի առանց ձեր մասնակցության, քննադատության, բայց նաև աջակցության։
Շնորհակալ եմ:

Եվ սա պարզապես ավանդական «շնորհակալություն»-ը չէ, որը մենք սովորաբար ասում ենք մեր ելույթների վերջում. ես իսկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որը դուք կատարում եք հանուն Արևելյան գործընկերության ընդհանուր գործի, հանուն մեր արժեքների, ժողովրդավարության և խաղաղության»:

Նմանատիպ նյութեր