211652_close_icon
views-count1177 դիտում article-date 16:15 13-11-2023

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օրերս այցելել է
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։

Նախարարն ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության
մասնաշենքում, այդ թվում նաև այցելել է Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Creedrooms-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, բիզնես գործունեությանը, քննարկել նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը և դրանց ՏՏ անվտանգությանը վերաբերող հարցեր։

Շրջայցից հետո շնորհանդեսի ձևաչափով նախարարին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ընդհանուր հայեցակարգը, նշվել է, որ ընկերության 50-ից ավելի պրոդուկտները մշտապես զարգանում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով:

Ընկերության տեխնիկական գծով ղեկավար Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ՏՏ անվտանգության զարգացման միտումները, կիբեռանվտանգության ոլորտում ընկերությունների կողմից ձեռնարկվող քայլերը։

Քննարկվել են կիբեռգրոհների հիմնական թիրախները և դրանց դեմ պայքարի տեղական լուծումները, որոնց հիմքում հսկայական տվյալների վերլուծությունն օպտիմալացնող մեքենայական ուսուցման ալգորիթմերն են։ Անդրադարձ է եղել նաև վստահելի ու անվտանգ թվային էկոհամակարգի ստեղծման գործում կառավարության դերին, որը կենսական նշանակություն ունի ՏՏ անվտանգության համար։

Նորարար լուծումներ մշակելու և գաղափարներն իրական բիզնես պատմությունների վերածելու շնորհիվ «Սոֆթ Կոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն այժմ առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են՝ շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներով, ավելի քան 10 ապրանքանիշով և 16 ներկայացուցչական գրասենյակներով՝ 5 մայրցամաքներում։

Ընկերությունները գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության և այլ ոլորտներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր