211652_close_icon
views-count121814 դիտում article-date 09:06 06-11-2023

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Lexus-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. ընտանիքի անդամներից 11 և 16-ամյա երեխաները մահացել են, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Ռուբիկ Մ.-ն, իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բետոնե հենասյուներին, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրված հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 11-ամյա Արման Մ.-ն տեղում մահացել է, իսկ 16-ամյա ուղևոր Հռիփսիմե Մ.-ն Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Վարորդ Ռուբիկ Մ.-ն, մյուս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Թերմինե Ս.-ն և 20-ամյա Սուսաննա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառ բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:

Վիրավորներին պատգարակին են մոտեցրել քաղաքացիներն ու փրկարարները, վարորդին  ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ում պատգարակով մոտեցրել են պարեկային ծառայության ավտոմեքենային, որով էլ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ՝ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ՝ Լուսինե Մանուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներն ու մահացածները ընտանիքի անդամներ էին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր