211652_close_icon
views-count102484 դիտում article-date 21:46 30-08-2022

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Mercedes–ը մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում. ընտանիքի 3 ամսական տղան մահացել է, ընտանիքի 5 անդամ էլ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի  21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան  սահմանազատել տարածքը և քաղաքացիների հետ վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի  գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը  տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց  Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատում էր, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից  3 ամսական տղան գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի փաստով քննիչ  Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց երեխաներն ու ազգականները:

Քննիչի հանձնարարականով  ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր