211652_close_icon
views-count40876 դիտում article-date 10:09 21-10-2023

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Դիլիջանում հայտնի հեղուկ գազի լցակայանի մոտ բախվել են BMW-ն ու հեղուկ գազի ցիստեռնով «ԶԻԼ 130»-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3 հասցեում գործող հեղուկ գազի լցակայանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Երիցյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Ալբերտ Ղազարյանի «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Վահագն Բազիկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Վերջիններս, այնուհետև, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնի փականը, վերջում իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար՝ Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկներ Թաթուլ Մամյանն ու Շահեն Տոնյանը՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ, դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, ապա սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը:

Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր