211652_close_icon
views-count120774 դիտում article-date 21:31 20-10-2023

Կրակոցներ Աշտարակի ձորում. վիրավորներից մեկը Աշտարակի քաղաքապետի տեղակալն է, «ռազբորկային» ներկա են եղել Աշտարակի քաղաքապետը և «Գալուստի ձոր» հանգստյան գոտու սեփականատերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել  են կրակոցներ և կան վիրավորներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Գալուստ Գ.-ն, նրա որդին՝ Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հայկ Գ.-ն, և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Թովմաս Շ.-ն, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում հողային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որտեղ էլ Գալուստ և Հայկ Գ.-երը պարզաբանումներ ստանալու ընթացքում ասֆալտապատ ճանապարհով անցնելիս հայհոյանքներ են հնչեցրել և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, ապա մոտ 40-50 հոգի քարերով և ջրով լցված շշերով  մոտեցել են ու սկսել են նետել Գալուստ և Հայկ Գ.-երի ուղղությամբ:

Այդ ամենին ականատես են եղել ոստիկանության ծառայողները: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են Գալուստ Գ.-ին, նրան քաշել, գցել գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ Հայկ Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից մի քանի կրակոց է արձակել քաղաքացիների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ 52-ամյա Վարդան Ս.-ն, ով Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է, և 26-ամյա Գոռ Պ.-ն հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու, բոլոր մասնակիցներին ու ներկա գտնվողների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, երկաթե և փայտե ձողեր, հողային աշխատանքներ կատարող տեխնիկա, որի դիմապակին և կողային ապակիները կոտրված, ձեռնափայտ, ժամացույց և այլ կասկածելի իրեր: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր