211652_close_icon
views-count850 դիտում article-date 19:21 19-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-հունգարական հարաբերությունների վերականգնմանը, իր գնահատանքը հայտնեց Հունգարիայի կառավարությանը Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Արցախից բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած աջակցության և 2021 թ․ հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։

Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և շարունակական ոտնձգություններին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման խնդիրներին՝ ընդգծելով, որ նաև միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի հետևանքով Ադրբեջանը անարգել իրագործեց իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը և Հունգարիան ևս հետևողական ու վճռական քայլեր կգործադրեն՝ ի նպաստ արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և ժողովուրդների կյանքում նման արհավիրքների կանխման։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների ու սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։

Իր հերթին փոխնախարար Միկլոշ Փանին, անդրադառնալով հայ-հունգարական միջպետական կապերի սերտացմանը, Հայոց Հայրապետին հավաստիացրեց, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը ցուցաբերել արցախահայությանը և միջնորդական ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձման ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր