211652_close_icon
views-count7693 դիտում article-date 22:20 11-03-2017

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատվիրակությանը

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի: Պատվիրակության կազմում էին համալսարանի Պատմության ինստիտուտի տնօրեն Ուզե Շանդորը, ռեկտորի խորհրդական, Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Լասլո Տուսկը և համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը: Հանդիպման սկզբում տիար Ռ. Միրզախանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հյուրերին` տեղեկացնելով, որ այցը Հայաստան կազմակերպվել է 2016 թ. Պ. Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ սկզբնավորված գործակցության շրջանակներում: Մանկավարժական համալսարանի ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ հաստատված կապերի շնորհիվ Կաթոլիկ համալսարանում արդեն գործում է հայագիտական ամբիոն: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հունգարական պատվիրակությանը` ուրախություն հայտնելով պատվիրակության անդամներին Ս. Էջմիածնում վերստին հյուրընկալելու առիթով: Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու հաստատությունների միջև ձևավորված կապերին` ընդգծելով, որ նման սերտ փոխհարաբերությունները ավելի մեծ թվով ուսանողների հնարավորություն են ընձեռում մասնակցել համատեղ իրականացվող ծրագրերին և այդպիսով` նպաստում փոխադարձ ճանաչողությանն ու երկու ժողովուրդների միջև բարեկամության զորացմանը: Այս առումով Նորին Սրբությունը մեծապես կարևորեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանում հաստատված հայագիտական ամբիոնի առաքելությունը` Մայր Աթոռի պատրաստակամությունը հայտնելով անհրաժեշտ գրականությամբ աջակցելու նրան: Խոսք ասաց նաև պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` իր հերթին ուրախությամբ տեղեկացնելով համագործակցության արդյունքում արձանագրված հաջողությունների մասին և ներկայացնելով հայագիտական ամբիոնի զարգացման տեսլականը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական հաստատությունների գործունեությանը, մասնավորապես` ուսանողների փոխանակման ծրագրերին: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը պրոֆ. Սուրոմի Սաբոլչին հրավիրեց դասախոսություններով հանդես գալ Գևորգյան հոգևոր ճեմարանում: Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը երկրների ու ժողովուրդների միջև առկա հարաբերությունները էլ ավելի զորացնելու մաղթանքով կրթական հաստատությունների ղեկավարներին ցանկացավ արդյունավետ գործակցություն: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր