211652_close_icon
views-count232566 դիտում article-date 11:20 16-10-2023

Ողբերգական դեպք՝ Գառնու տաճարից Քարերի սիմֆոնիա ճանապարհին․ մոպեդավարի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, բնակիչներն էլ ասում են՝ «Պատկան մարմինները ուղեղից թոփալ են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը։

Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր է ժամանել նաև Գառնի խոշորացված համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատի խմբի պետ Ռոման Խաչատրյանը, փրկարարներ Կառլեն Հովհաննիսյանը, Վահե Տեր-Վարդանյանը, Սարգիս Մարգարյանը և Մարգար Գրիգորյանը պատգարակով, մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս են բերել անանցանելի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։

Վթարի վայրում բնակիչները արդարացիորեն մեղադրում էին պատկան մարմիններին՝ ասելով․ «Արդեն 5-6-րդ մահվան դեպքն է տեղի ունենում այս հատվածում։ Ամեն անգամ նման դեպք լինելուց հետո խոստանում են, որ բետոնե արգելապատնեշներ կդնեն, ինչը որոշ չափով կխոչընդոտի ավտոմեքենաների գահավիժմանը, սակայն ամեն անգամ խոստացողները օդ են դուրս գալիս։ Նմանատիպ քանի՞ մահով դեպք պետք է լինի, որ գոնե ուղեղներին զոռ տան ու էս խնդիրը լուծեն, հետո էլ ասում են՝ մտածում են քաղաքացու կյանքի համար։ Եթե այս ձևով եք մտածում, վայ ձեզ, ուրեմն ուղեղից թոփալ եք, գոնե հիմա դասեր քաղեք ու էդ բետոնե արգելապատնեշները տեղադրեք ու հաստատ կյանքեր կփրկեք»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր