211652_close_icon

ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախին, չեք լռեցնի մեզ․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

views-count967 դիտում article-date 16:45 19-09-2023
Այս պահին արցախցի ուսանողներն ու մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նրանք մտահոգված են Արցախում ստեղծված իրավիճակով, շատերը չեն կարողանում կապ հաստատել Արցախում գտնվող ընտանիքի անդամների հետ, գրում է Tert.am-ը։

Հավաքվածները հայաստանյան իշխանություններին պահանջում են կանխել Արցախում սկսված պատերազմը։

«Նույնիսկ այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը շանտաժ է անում ժողովրդին՝ ասելով, եթե ավել ձայներ չտաք, որ անցնենք, ավելի վատ է լինելու։ Նրանք Արցախում տեղի ունեցող ցեղասպանություն օգտագործում են հօգուտ ներքաղաքական շահի։ ՊՆ-ն Սուրեն Պապիկյանի գլխավորությմաբ տեսե՞լ եք՝ ինչ հայտարարություն է արել, ասում են՝ Հայաստանի սահմաններին հանգիստ է, ասել է թե՝ մենք ձեզ հետ կապ չունենք, իրենց թողեք՝ ցեղասպանվեն։ ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախին, տեր կանգնի՝ 120 000 հայի, չեք լռեցնի մեզ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանը ցեղասպանում է Արցախը։

Մեկ այլ քաղաքացի էլ հայտարարեց, որ Արցախում տեղակայված խաղաղապահները ոչինչ չեն անում արցախցիների անվտանգությունն ապահովվելու համար՝ պնդելով, թե նրանք ծառայում են ադրբեջանա-թուրքական տանդեմին և պետք է հեռացնել։

Ակցիայի մասնակիցներից, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանի խոսքով էլ նրանք, ովքեր սահմանից այս կողմ են գտնվում, մեկ անելիք ունեն։
«Պետք է հեռացնել սահմանից այս կողմ գտնվող թշնամուն, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- հավելեց նա։

Նմանատիպ նյութեր