211652_close_icon
views-count16627 դիտում article-date 12:59 19-09-2023

Կրակոցներ Վայոց ձորի մարզում․ «Նորավանք» եկեղեցական համալիրում 24-ամյա նշանադրվող տղան ինքնաձիգից կրակոցներ է արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 16-ին «Նորավանք» եկեղեցական համալիրում կրակոցներ են հնչել։

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ կրակոցները արձակել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ալոյանը՝ իր նշանադրության արարողության ժամանակ։

Նա հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը:

Վայոց ձորի ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա գտնվում է Երևան քաղաքում, և ոստիկանները Արշակունյաց պողոտայում հայտնաբերում են նրան և տեղափոխում ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Պարզվել է նաև, որ նշված դեպքը տեսանկարահանվել և հրապարակվել է Instagram սոցիալական կայքում։

Հ․ Ալոյանը ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են նաև միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր