211652_close_icon
views-count844 դիտում article-date 10:51 10-09-2023

Ժաննա Անդրեասյանը Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին:

Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մկրտիչ Կարապետյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և այլք։

«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարին այս տարի մասնակցել է 11 հեռացատկորդ Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Ուզբեկստանից:
8.07 մետր արդյունքով հաղթողի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվարով Անվարը:

2-րդ մրցանակակիր է դարձել ֆրանսիացի Յանն Տանտելի Դանիելը (7.56 մ): Լավագույն եռյակը 7.48 մետր արդյունքով եզրափակել է հույն Անտոնիոս Ստիլիանիդիսը:

Հայ հեռացատկորդներից երեքն են հայտնվել տասնյակում.
Հրաչյա Մինասյան – 6-րդ տեղ (6.93 մ),
Գոռ Հովակիմյան – 7-րդ տեղ (6.85 մ),
Արամայիս Սարգսյան – 9-րդ տեղ (6.66 մ):

«Բարձր մակարդակով կազմակերպված մրցաշար էր հիմնովին վերակառուցված մարզադաշտում: Ստադիոնն աչք է շոյում, և այս պայմաններում մրցաշարի որակն էլ, բնականաբար, դրանից շահում է: Ցավոք, արդյունքները այնքան էլ բարձր չէին: Վնասվածքի պատճառով մրցաշարին չէր մասնակցում մեր առաջատար հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Սա մեզ համար ավանդական և ուժեղ մարզաձև է, համոզված եմ՝ առաջիկայում անպայման կունենանք մարզիկներ, որոնք բարձր կպահեն Հայաստանի պատիվը», – ասել է Կարեն Գիլոյանը:

Միջոցառման շրջանակում Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը խորհրդանշական գավաթներ է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին, նախարարի տեղակալին, Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանին, նաև իր անձնական մարզչին։

Ռոբերտ Էմմիյանը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին, ապա ընդգծել՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտն ու աթլետիկական վազքուղին հնարավորություն են տալու կազմակերպելու բազմաթիվ միջազգային մրցումներ։ Անվանի մարզիկի գնահատմամբ՝ նմանօրինակ պայմաններ ունենալը երազանք էր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շրջայց է կատարել Արտաշատի մարզադաշտում և ծանոթացել արդեն կատարված և դեռ ընթացքի մեջ գտնվող վերանորոգման աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր