211652_close_icon
views-count37482 դիտում article-date 20:08 04-09-2023

Երևանում հրդեհ է բռնկվել բնակելի շենքի տանիքին կառուցված ապօրինի շինություններում. բնակիչներն էլ ասում էին` թող մեծն Հայկ Մարությանը հիմա գա էստեղ ու իր օրոք կառուցված ապօրինի կառույցի միջից, որը վերածվել է մոխրի, իր քարոզարշավն անի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի թիվ 5-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը տանիքում կառուցված 2 բնակարաններում, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան: Պարզվել է, որ այրվել է 20 ք.մ մակերեսով սենյակից 10 ք․մ՝ գույքով և տեխնիկայով, 10 ք․մ գիպսոկարտոնե առաստաղը ջերմահարվել է, 20 ք․մ մակերեսով մեկ սենյակ ջերմահարվել է՝ գույքով, ևս մեկ 20 ք․մ մակերեսով սենյակի պատերը և  10 ք․մ մակերեսով պատշգամբի կախովի առաստաղը (10 ք․մ) ջերմահարվել են։

Դեպքի վայրում հավաքված շենքի բնակիչները, ովքեր հրաժարվեին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սաղ շենքը գիտի, որ տանիքին ապօրինի հարկեր են ավելացել ու բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի նախկին քաղաքապետներից Հայկ Մարությանին, քանի որ հենց նրա օրոք է շարունակվել ու ավարտին հասցվել այդ լկտի ապօրինությունը, սակայն բազմաթիվ անգամ ահազանգել ենք քաղաքապետարան հույսով, հավատով, որ կգային, դրա դեմը կառնեին, քանի որ բոլորս էլ գիտենք, որ շենք-շինությունների թույլատվությունը առանց քաղաքապետարանի հնարավոր չէ ու ոչ մի անգամ քաղաքապետարանից այդ տարիներին չբարեհաճեցին ժամանել ու տեսնել թամանյանական Երևանի ավիրումը, որը հասավ նաև Ահարոնյան 5: Այ հիմա իսկական պահն է: Թող մեծն Հայկ Մարությանը հիմա գա էստեղ ու էդ ապօրինի կառույցի միջից, որը վերածվել է մոխրի, իր քարոզարշավն անի: Եթե հրշեջները օպերատիվ չգործեին կրակը տարածվելու էր մյուս բնակարաններ: Չնայած դրան, միակ սփոփանքն այն է, որ կարծես թե տուժածներ չկան»:

 Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Նույն վաշտի պարեկներ Վահան Հակոբյանն ու Ազատ Մարտիրոսյանը երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են և հետաքրքրասեր վարորդներին հեռացրել են դեպքի վայրից, որպեսզի հրշեջ մեքենաները խցանման մեջ չհայտնվեն: 

Ժամանել են նաև Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր