211652_close_icon
views-count106961 դիտում article-date 20:06 31-08-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում ոսկեգույն «յաշիկով» բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Սևանի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 32-ամյա Գևորգ Միրզոյանը իր վարած Mercedes G մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ մյուսը, որ անչափահաս է՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվահեծաններից մեկի կոտրվելը, ինչի ժամանակ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Վիրավորներն էլ իր ընտանիքի անդամներն են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր