211652_close_icon
views-count72850 դիտում article-date 18:03 25-08-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը ճանապարհային նշանների ու լուսային փարոսիկների բացակայության պատճառով կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր. մինչ այդ ևս 4 ավտովթար է տեղի ունեցել նույն վայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երբ Երևանի-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում մահվան ելքով ողբերգական (12 մարդու կյանք խլած) ավտովթարը տեղի էր ունեցել, դրանից հետո ՀՀ Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանատու մարմինների ղեկավարների հետ այցելել է դեպքի վայր, տեղում ուսումնասիրել խնդիրը և տվել հանձնարարականներ այդ թվում՝ որպեսզի ճանապարհը կարգավորվի երթևեկության նշաններով: Չգիտես ինչու, որոշ պաշտոնյա հայերի մոտ ավանդույթ է ձևավորվել, որ նման դեպքերից հետո նոր իրենց «ուղեղներին զոռ տան» ու կատարեն այդ աշխատանքները:

Երևան-Գյումրի ավտոճանապարի Ախուրյանի վարչական տարածքում «Մերձմոսկովյան ԲԲԸ»-ի ճանապարհաշինարարները իրենց աշխատանքը կատարում են, սակայն տնօրեն Արամ Ադամյանը կարծես «ուխտի ականջում քնած լինի», կամ ջայլամի կեցվացք է ընդունել, ինչի պատճառով էլ միայն երեկ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:25-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին և մոտ 50 մ առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Ռազմիկ Գ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Սերգեյ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մարտիրոսյանը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի պատճառներից մեկը կամուրջը վերանորոգող կազմակերպության փնթի աշխատանքի արդյունքն է, քանի որ բացակայում են լուսային փարոսիկները, հատուկ ժապավենները, նախազգուշացնող նշանները, ինչի հետևանքով էլ միայն այսօր 5 ավտովթար է տեղի ունեցել, ու եթե կամուրջը վերանորոգող կազմակերպության պաշտոնյանները մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեին և այդ ամենը տեղադրեին, ապա վարորդները կտեսնեին, և վթարները տեղի չէր ունենա: Հետո էլ ասում են, թե վարորդները մեղավոր են: Այս պարագայում հիմնական մեղավորը կամուրջը վերանորոգող ընկերությունն է և մատնացույց էին անում դեպքի վայր Lexus-ով ժամանած տղամարդուն, ով այդ կազմակերպության պատասխանատուն է, ու նա գլխիկոր հետևում էր, թե ինչպես են տուժած վարորդն ու իր ընկերները պարեկների ու քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերում ձորից: 

Քաղաքակիրթ երկրներում նման աշխատաոճ դրսևորելու համար կառավարությունը անարգանքի սյունին կգամեր պատասխանատուներին, վարորդն էլ նրանցից փոխհատուցում կստանար, մինչդեռ մեզ մոտ առաջնորոդվում են «եղունգ ունես գլուխդ քորի» սկզբունքով:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, իսկ քննիչ Մուքոյանն էլ դեռ ամբողջական քննություն չկատարած Mercedes-ի վարորդին մեղադրում է, թե նշանները տեղադրված են եղել, խփել ու կոտրել է: Մինչդեռ կադրերն ապացուցում են, որ նշանները բերել են վթարներից հետո և չեն հասցրել տեղադրել, իսկ քննիչ Մուքոյանն էլ գուցե հետագայում որպես մրցանակ ստանա «Շեռլո քոմսի» մեդալ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր