211652_close_icon
views-count1000 դիտում article-date 17:11 02-08-2023

«Արցախցիներն այսօր գտնվում են այն ցեղասպան քաղաքականության էպիկենտրոնում, որն իրականացնում է Ալիեւի բռնապետական ռեժիմը ամբողջ հայ ժողովրդի դեմ»․ Նարեկ Այվազյան

Հուլիսի 19-ից «Բացում» նախաձեռնությունը ամբողջական պաշարման մեջ գտնվող Արցախին աջակցելու նպատակով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հումանիտար բեռների հավաքագրում է իրականացնում:

Նախաձեռնության մասնակից Նարեկ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին օրը ընդամենը երկու տոպրակ մարդասիրական օգնություն կար, իսկ հիմա քանի տոննա է, կդժվարանա ասել: «Մենք դիմել ենք Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակին, որպեսզի իր միջոցներով տեղափոխումն իրականացնի, զբաղվի հումանիտար բեռների տեղափոխմամբ, որովհետեւ դա իր առաքելությունն է: Իսկ Արցախը, հայտնի է, որ գտնվում է հումանիտար աղետի մեջ ու ինչ-որ պահից կարող է նաեւ սով ու համաճարակ բռնկվել, ինչը կանխարգելելու նպատակով իրենք պետք է գործունեություն իրականացնեն: Գետնի վրա խաղացող կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ու տեղի ունեցածը կանխարգելել, ինչից էլ առաջացել է այս իրավիճակը:

Հենց դա էլ պատճառներից մեկն է, որ մենք եկել, ՄԱԿ գրասենյակին ենք դիմել, որովհետեւ ինքն ավելի բարձր ատյան է եւ ավելի բարձր դերակատարում ունի համաշխարհային գործընթացներում»,-ասաց Նարեկ Այվազյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ակցիան սկսելուց մեկ շաբաթ անց նախաձեռնությունը հանդիպում է ունեցել գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի հետ: «Առաջարկեցինք, որ իրենց կոնտակտներն օգտագործելով՝ Արցախից մեր հայրենակիցների վիճակի մասին իրենց անհերքելի փաստեր տրամադրենք, որպեսզի դրանք հասնեն Նյու-Յորքի իրենց գլխավոր գրասենյակ:

Առաջարկը չմերժվեց ու արդեն այս երկուշաբթի օրը Արցախի մեր քաղաքացիներից ստացված տեղեկատվության մի զգալի չափաբաժին արդեն փոխանցել ենք: Այդ տեղեկատվությունն ավելի շատ շուկաներից էին խանութներից, որտեղ համատարած դատարկություն է տիրում: Հիմա աշխատում ենք «Տան պատմության» տեսանյութեր Նյու-Յորք ուղարկելու վրա:

Արցախի մեր քաղաքացիներին խնդրել ենք, որ իրենց անուն ազգանունով բնակության վայրը նշելով տեսաձայնագրություններ պատրաստեն եւ մանրամասն ցույց տան իրենց ունեցած կամ չունեցած պաշարները, պատմեն, թե ինչի կարիք ունենք, առողջական ինչ խնդիրներ կան եւ ինչ են ակնկալում ՄԱԿ-ից:

Նմանատիպ նյութեր