211652_close_icon
views-count47320 դիտում article-date 21:32 01-08-2023

Վանաձորում թալանել են «Արարատբանկ»-ի մասնաճյուղի կառավարչի տունը՝ տանելով խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, սպայական դաշույններ, թանկարժեք խմիչքներ և անգամ քաղցրավենիք

Երեկ՝ հուլիսի 31-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 53-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնել է, որ իր տունը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Արդեն տեղում Աշոտ Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 28-ի ժամը 19:00-ից մինչև հուլիսի 31-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում ընտանիքի անդամներով բացակայել են բնակարանից, երբ որդին՝ 23-ամյա Սպարտակ Ս.-ն, եկել է տուն և նկատել, որ բնակարանի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և մտել ներս ու այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, խմիչքներ, քաղցրավենիք, սպայական դաշույններ և ոսկյա զարդեր:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Գողության փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայրում Աշոտ Ս.-ն հայտնել է, որ ինքն աշխատում է «Արարատբանկ» ԲԲԸ Վանաձորի 1-ին մասնաճյուղում, որպես կառավարիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր