211652_close_icon
views-count781 դիտում article-date 15:12 29-07-2023

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հուլիսի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:

Պարոն Օլիվիե Դըկոտինյին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Այցի ավարտին հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում:

Նմանատիպ նյութեր