211652_close_icon
views-count1324 դիտում article-date 13:25 23-07-2023

Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին. Տիգրան Աբրահամյան

 
«Փաշինյանական ռեժիմի մոտեցումը, իսկ ավելի կոնկրետ` ատելությունը, Արցախի ու, առհասարակ, Հայրենիքի գաղափարի նկատմամբ վաղուց պարզ է»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Արցախում խորացող աղետի պայմաններում իշխանական արքունիքի զվարճանքներն ու անհոգ կյանքը, դրա հանրայնացումը նպատակ ունի ջնջել ու պղծել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ:
Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին:

Շատերս հազար ու մի ակցիա-հանրահավաքների ենք մասնակցել, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ մտել, ոստիկանական բաժանմունքներում հայտնվել: Կան ոստիկանները, ովքեր թեև հրաման են կատարում, բայց իրենց արարքից կարմրում են, գլուխները կախում, բերման ենթարկելիս բառիս բուն իմաստով խնդրում, որովհետև իջեցված հրամանը նաև իրենց ինքնասիրությունն է շոշափում. շատերը համակարգում երկար չեն էլ ձգում:

Այս իշխանությունը մի օր չի լինելու, սակայն մնալու է սրանց թողած դառը հետևանքներն ու այն սուբյեկտները, ովքեր մտածելով, թե իշխանությունը հավերժ է ոչ միայն օրենքներն ու սահմանադրությունն են տրորել, այլ իրենց պահվածքով ու անտարբերությամբ նիկոլական խմբակի հանցակիցն են դարձել», - գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում քաղաքացուն բերման են ենթարկել Արցախի դրոշը ծածանելու համար: «Երիտասարդի ձայնը»  նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախաձեռնության անդամներից մեկը Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ է բարձրանում։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանը երիտասարդին հեռացնում է բեմից։

Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…Շատ շուտով Հայկական դրոշը ծածանելու համար էլ են բերման ենթարկելու»:

Նմանատիպ նյութեր